25 մայիսի 2009 - 17:56 AMT
Եվգենի Կիսինն ու Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են հայ-ռուսական կապերի զարգացման համար
Մայիսի 24-ին Մոսկովյան պետական կոնսերվատորիայի Մեծ Դահլիճում հռչակավոր ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին եւ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինին ռուս-հայկական մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման համար շնորհվել են Վալերի Բրյուսովի մեդալներ:

Պարգեւները հանձնվել են «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ավարտից անմիջապես հետո, մոսկովյան լայն հասարակության եւ Սպիտակ քաղաքի ներկայացուցիչների ներկայությամբ:

Հայաստանում 1988թ. երկրաշարժի մասին լուրը Եվգենի Կիսինին եւ Վլադիմիր Սպիվակովին հասավ, երբ նրանք Իտալիայում էին, որտեղ այն ժամանակ գտնվում էին համերգներով: Այդ ժամանակվանից ի վեր նրանք բազմաթիվ բարեգործական համերգներ են տվել, որոնցից ստացված շահույթն ուղղում են «Հայաստանի մանուկներ» Հիմնադրամ եւ Սպիտակի որբերին: Համերգներից ստացված միջոցների մի մասը հատկացվել էր Սեյսմական պաշտպանության ազգային ծառայությանը եւ ծախսվել Գյումրիում գիմնազիայի կառուցման համար, ինչպես նաեւ համակարգիչների ձեռքբերմանը: Եվգենի Կիսինը Սպիտակի պատվավոր քաղաքացի է, Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրված է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով: