3 մարտի 2025 - 11:39 AMT
Աբրահամյան․ Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր խաչը հեռացնելու հարցը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահմյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացման հարցը՝ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ իրականացվող բռնությունների և կեղծ դատավարությունների ֆոնին։

Ըստ նրա, Ադրբեջանը հետևում է իր արդեն փորձարկված մեթոդին՝ նախ քարոզչական գրոհ է սկսում միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների կամ լրատվամիջոցների դեմ, ապա առաջ քաշում լրտեսական գործունեության կամ այլ մեղադրանքներ։

Նշվում է, որ ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա։

«Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը:

Մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով է տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հետ տարաբնույթ կապերը, շփումները:

Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։