Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Վերջինս դատարան է դիմել ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի՝ պահանջելով 500,000 դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի համար։
Հայցադիմումը սկզբում դատարանը մերժել էր՝ նկատի ունենալով որոշակի սխալներ, սակայն հայցվորին 15 օր էր տրվել դրանք շտկելու համար։ Բարեփոխված հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, հայտնում է Factor.am-ը։
2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին պատասխանելիս, ասել էր, թե «պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»՝ անդրադառնալով «կարմիր գծերի» կայանման քաղաքականությանը։ Նա նաև նշել էր, որ ինքն անձամբ վարում է էլեկտրական մեքենա և «կարմիր գծերում» անվճար կայանում է։
Տեսանյութի տարածումից հետո Տիգրան Ավինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով հոր խոսքերի համար և ներողություն խնդրելով, նշելով, որ դրանք հնչել են պահի տակ, նյարդային վիճակում։ Նա նաև քննադատել էր լրատվամիջոցներին՝ կատարվածը ներկայացնելու համար։