6 մարտի 2025 - 17:45 AMT
9 կառույց, այդ թվում 2 տուն Բաղրամյան պողոտայում, հուշարձանի կարգավիճակ կստանա

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովն ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկել է պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող որոշ օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը։

Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։

Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձաններ են ճանաչվել հետևյալ կառույցները՝

  • Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.),
  • Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.),
  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․),
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ․ վերջ - 20-րդ դ. սկիզբ),
  • Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռը (19-րդ դ․)։

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել՝

  • Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),
  • Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.),
  • Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար),
  • Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․)։

Միաժամանակ քննարկվել են նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, այդ թվում՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտի (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ, երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռի (19-րդ դ․), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցու (13-14-րդ դդ․) և ևս 22 նորահայտ հուշարձանների պահպանության ապահովման հարցերը։

Հաստատված նախագծերը, ըստ սահմանված ընթացակարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարներին և համապատասխան պետական մարմիններին՝ համաձայնեցման, որից հետո վերջնական որոշումը կկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։