Ոստիկանության գվարդիան, որը ՆԳՆ բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է, կգործի նոյեմբերի 1-ից՝ համալրված նոր սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով՝ ստանձնելով մի շարք պատասխանատու գործառույթներ, հայտնում է ՆԳՆ–ն։
Գվարդիան իրականացնելու է հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում, ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանություն, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցում, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության պայմաններում իրավական ռեժիմի պահպանում։
Գվարդիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Լիտվայի հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ միջազգային փորձի փոխանակման և գործընկերային կապերի ամրապնդման համար։
Այցի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «ԵՄ-ում ոստիկանական գվարդիաների կառուցվածքը, գործառույթները և լավագույն փորձը» թեմայով, որին մասնակցել են Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, Լիտվայի հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
Քննարկումների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գվարդիայի կառուցվածքային առանձնահատկություններին, տեխնիկական ապահովվածությանը, զարգացման ուղղություններին և գործընկեր կառույցների հետ համագործակցության հեռանկարներին։ Լիտվական Հանրային անվտանգության ծառայության փորձի ուսումնասիրման միջոցով քննարկվել են կառավարման մոդելները և փոխգործակցության հնարավորությունները։
Պատվիրակության անդամները նաև շրջայց են կատարել ՆԳՆ Ոստիկանության զորքերում՝ ծանոթանալով նյութատեխնիկական հագեցվածությանն ու ծառայության մարտահրավերներին։
Այցի ավարտին, Ոստիկանության զորքերի հրամանատարը պատվիրակության անդամներին պարգևատրել է արդյունավետ համագործակցության համար։
Հյուրերն այցելել են նաև ՆԳՆ կրթահամալիր, որտեղ մասնակցել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստման ավարտական արարողությանը՝ հանձնելով հավաստագրեր։