10 մարտի 2025 - 18:41 AMT
Միրզոյանը՝ Հնդկաստանում․ Բաքվում 23 հայի նկատմամբ բեմադրված դատավարություն է տեղի ունենում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում ունեցած ելույթի ընթացքում, խոսելով տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, Միրզոյանը նշել է, որ չենք կարող փաստել, որ հայկական կողմի կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։

«Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին»,–ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որը կխթանի երկարատև կայունությունն ու համագործակցությունը։ Միրզոյանը նշել է, որ սահմանազատման գործընթացը սկսվել է, և արդեն հաջողվել է սահմանազատել 12 կիլոմետր սահման, սակայն Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հաճախ չի ստանում համարժեք պատասխան։

«Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։

Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով”,–ասել է Միրզոյանը։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս նա նշել է, որ Հայաստանը կողմնակից է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Միրզոյանը հիշեցրել է Անիի կամրջի համատեղ վերականգնման որոշման մասին, ինչը երկու երկրների միջև վստահության ամրապնդման կարևոր քայլ է։

Հայաստանի արտաքին քաղաքականության լայն շրջանակն ընդգրկում է նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը հիշեցնում է Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» մոդելը։

Իր ելույթի ավարտին Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը՝ նշելով, որ հայ-հնդկական գործընկերությունը մեծ ներուժ ունի բոլոր ոլորտներում։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է ապօրինի կերպով՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։