12 մարտի 2025 - 16:45 AMT
Գերագույն հոգևոր խորհուրդ․ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձել է Ադրբեջանում Արցախի նախկին քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարություններին։

Խորհուրդը հորդորել է արդեն 20 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանիան դադարեցնել հացադուլը, իսկ ՀՀ իշխանություններին՝ նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր։

Գերագույն Հոգևոր Խորհուրդն արձանագրել է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են։

«Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։

Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձում են հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։

Այս պայմաններում մեծապես կարևոր է, որ Հայաստանի պետական մարմիններն ու համահայկական կառույցները միավորեն ջանքերը՝ դադարեցնելու բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները և հասնելու գերիների ազատ արձակմանը։

Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։

Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին՝ առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում։

Աղոթքով առ Բարձրյալը զորակցում ենք գերեվարված մեր սիրելի զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի և առողջության համար։

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։

Մեր հայցն ենք վերառաքում առ Աստված բոլոր գերյալների, նեղյալների և նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին»,- ասված է հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։