13 մարտի 2025 - 10:44 AMT
Սալինի. Հայերի դեմ հարձակումների պատճառն աշխարհագրական դիրքն է և քրիստոնյա լինելը

Եվրախորհրդարանում կայացել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» թեմայով քննարկում։

Այդ շրջանակում իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կիրառել հայերի նկատմամբ՝ առանց որևէ խոչընդոտի, հայտնում է 1lurer.am-ը։

Նրա կարծիքով՝ հայերի դեմ նման գործողությունների հիմնական պատճառները երկուսն են՝ տարածաշրջանի աշխարհագրական դիրքը, որը Թուրքիային և Ադրբեջանին բաժանող հանգույց է, ինչպես նաև նրանց քրիստոնյա լինելը։

«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժումից և 100 հազար քաղաքացիների արտաքսումից հետո մենք այժմ տեսնում ենք Հայաստանի 23 քաղաքացու այս անօրինական կալանավորումները և ոչ թափանցիկ դատավարությունները»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ հայերի դեմ նման գործողությունների հիմնական պատճառները երկուսն են՝ տարածաշրջանի աշխարհագրական դիրքը, որը Թուրքիային և Ադրբեջանին բաժանող հանգույց է, ինչպես նաև նրանց քրիստոնյա լինելը։

Սալինին հավելել է, որ Եվրամիությանը ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել։

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ադրբեջանցիների հետ վարվել այնպես, ինչպես ռուսների հետ: Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց»,- ասել է նա։

Իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան, անդրադառնալով թեմային, ներկաներին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները։

«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Բարենան ընդգծել է, որ այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի Միջազգային քրեական դատարանի կողմից ներկայացված գործերի քննությունը, որպեսզի դատարանը պատշաճ իրավական գնահատական տա Արցախի հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին։

Ավարտելով ելույթը՝ պատգամավորը հարցով դիմել է քննարկմանը ներկա եվրահանձնակատարին՝ արդյո՞ք ԵՄ հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: