13 մարտի 2025 - 11:41 AMT
ՌԴ դատախազությունը UTair-ի Մոսկվա-Երևան չվերթի ուշացման փաստով ստուգումներ է սկսել

Ուրալի տրանսպորտային դատախազությունը սկսել է ուսումնասիրել «UTair» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի գրեթե մեկօրյա ուշացման հանգամանքները, ըստ գերատեսչության մամուլի ծառայության։

Ավելի վաղ ավիաընկերության ներկայացուցիչները պարզաբանել էին, որ չվերթի հետաձգման պատճառը եղել է օդանավի փոխարինումը։ Մոսկվայի օդային տարածքի փակման և «Ֆերգանա» օդանավակայանի կողմից ինքնաթիռն ընդունելու անհնարինության հետևանքով այն մարտի 11-ին չի կարողացել ժամանակին մեկնել, ինչն էլ բերել է պահեստային օդանավի ուշացման, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մոսկվայի օդանավակայանում մարտի 11-ին հետաձգվել է «Utair» ավիաընկերության Մոսկվա-Երևան երթուղու UT-785 կանոնավոր չվերթը։ Ուրալի տրանսպորտային դատախազությունն իրականացել է թռիչքների անվտանգության օրենսդրության պահանջների կատարման ստուգում», - ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Չնայած ուղևորները դժգոհել են, որ իրենց որևէ հստակ բացատրություն չի տրվել ուշացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև հյուրանոց չեն տրամադրել (ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը), ավիաընկերությունն ընդգծել է, որ բոլոր ծառայություններն ապահովվել են ըստ ավիացիոն կանոնների՝ ներառյալ սնունդն ու կացարանը։

Գերատեսչության տվյալներով՝ չվերթի համար գրանցվել է 238 ուղևոր։ Սկզբում այն նախատեսված էր մեկնել մարտի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:40-ին, սակայն իրականացվել է մարտի 12-ին՝ 21:50-ին։