Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ իր կողմից արված ուղերձը նոր Սահմանադրության վերաբերյալ շատերը մեկնաբանել են որպես արձագանք Ադրբեջանի պահանջին, սակայն իրականում այն պետք է դիտարկել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում։
Նա հավելել է, որ ներկայիս իրադրությունում հնարավոր չէ ժխտել, որ Սահմանադրության հնարավոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, հայտնում է Panorama.am-ը։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 2020 թվականի փետրվարից իրենք խոսել են նոր Սահմանադրության օրակարգի մասին, ավելին՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ այդ հարցն արդեն օրակարգում եղել է։
Խոսելով հարևան երկրների տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ նա նշել է. «Երբ որ մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է, թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և դա ճիշտ է, այդպես է, բայց խորքային մեկ այլ նպատակ ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը»։
Նա ընդգծել է, որ այդ ընկալումը բերում է ինքնաճանաչողության նոր մակարդակի, որտեղ պարզվում է, որ երկիրը ճանաչելիս որոշակի անորոշություն է եղել իր տարածքի վերաբերյալ։
Վարչապետը հավելել է, որ հենց այդ ըմբռնումն է, որ պետք է դրվի հիմնաքարային սկզբունքի վրա։
«Առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար ենք ճանաչում մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Հետագայում արդեն անդրադարձ կլինի, թե իսկ ինչո՞ւ ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա էլ է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է, և եթե հնչում է պետք է փորձ անել պատասխանել»,–ասել է Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։