ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, անցկացվել է աշխատանքային քննարկում, որի շրջանակում քննարկվել է մեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակման հարցը:
Հարցը վերաբերում է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
Նախաձեռնության հեղինակներ Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ավտոմեքենաների լրացուցիչ նվագարկիչներից, ուժեղացուցիչներից ու բարձրախոսներից արձակվող բարձր երաժշտությունը խաթարում է հասարակական անդորրը, խոչընդոտում շչակների ձայնի ընկալմանը և դժվարացնում է հատուկ ազդանշաններով տրանսպորտային միջոցների ընթացքը։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն ավելի խիստ վերահսկողություն սահմանել նման խախտումների նկատմամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ։
Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել առաջարկված փոփոխությունների շուրջ, արդյունքում ձեռք բերելով պայմանավորվածություն՝ նախագծերը վերջնականացնել և ապագայում դրանք ներկայացնել ԱԺ քննարկմանը։