Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ եռօրյա մեդիատուր է կազմակերպվել, որի համար ծախսվել է 7,550,280 դրամ։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ այդ գումարն ուղղվել է հյուրերի տեղափոխման, կեցության և սննդի ապահովմանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Կենտրոնից ընդգծել են, որ թուրք լրագրողներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի տրամադրվել։ Հայտնի է նաև, որ նրանք գիշերել են «Արմենիա Մարիոթ հյուրանոցում»։
Ըստ ՊՈԱԿ-ի՝ այս այցը կազմակերպվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները արտաքին լսարանին ներկայացնելու շրջանակում, և նմանատիպ մեդիատուրեր պարբերաբար իրականացվել են այլ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ այցի նպատակը Թուրքիայի լայն հասարակությանը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները ներկայացնելն է։
Այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներին։