26 մայիսի 2009 - 20:55 AMT
Հայաստանում մեկնարկել է Լեւոն Ջուլֆալակյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում 2009-ի մայիսի 29-31-ը տեղի կունենա Լեւոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի (դասական) ըմբշամարտի միջազգային մրցաշար: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ եւ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, իր անվան մրցաշարին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի հավաքականները: Իսկ Հայաստանի դասական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքերով, Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են շուրջ 60 մարզիկներ:

«Մրցաշարը մեզ համար կարեւոր է նրանով, որ մեր ըմբշամարտիկները ձեռք կբերեն միջազգային փորձ, քանի որ մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Վրաստանում հունիսի 29-ից հուլիսի 4-ը: Մենք մի քանի օր առաջ ենք վերադարձել Իրանից, որտեղ անցկացրել ենք համատեղ ուսումնամարզական հավաք Իրանի թիմի հետ: Իսկ օգոստոսին արդեն մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»,- նշել է Բաբալարյանը: