ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի հավաքականին։
Առաջին գոլի հեղինակ է դարձել Գիորգի Գոչոլեշվիլին 32-րդ րոպեին: Չորս րոպե անց՝ 36-րդ րոպեին վրացիների արագ հակագրոհի արդյունքում Գիորգի Միկաուտաձեն դարձել է երկրորդ գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում Գիորգի Միկաուտաձեն կրկին գրավել է Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի ընտրանուց կրած պարտությունը գնահատել է օրինաչափ, հայտնում է Արմենպրեսը։
«Երկու թիմերի հիմնական տարբերությունն այն էր, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ էր ցուցադրում: Գրանցված արդյունքն օրինաչափ է: Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ, դժվար է այլ արդյունք ակնկալել»,-ասել է Սխիպը:
Մամուլի ասուլիսում Սխիպը անդրադարձել է նաև մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք պատասխան հանդիպմանը՝ ընդգծելով, որ շատ հավանական է՝ այդ խաղում հնարավորություններ տրվեն նոր ֆուտբոլիստների, որպեսզի ինքը գնահատի նրանց կարողություններն ու խաղամակարդակը:
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի հետ երկրորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 23-ին՝ Թբիլիսիում։