27 մայիսի 2009 - 17:57 AMT
«ԱրմենՏելն» ընդլայնում է ռոումինգ ծառայությունների տեսականին ու աշխարհագրությունը
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է միջազգային ռոումինգի աշխարհագրության ընդլայնման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու միջազգային GPRS ռոումինգից Պորտուգալիայում, Սերբիայում եւ Բանգլադեշում եւ 3G ռոումինգից` Եգիպտոսում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Մենք անընդհատ ընդլայնում ենք առաջարկվող ռոումինգ-ծառայությունների տեսականին եւ աշխարհագրությունը: Այժմ խոսքը վերաբերում է ոչ միայն ճանապարհորդության ընթացքում հասանելի լինելուն, այլեւ մեր ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից օգտվելուն` լինելով Հայաստանի սահմաններից դուրս: Ժամանակակից տեխնոլոգիաները իսկապես միավորում են աշխարհը, եւ մենք հպարտ ենք այդ գործընթացում մեր ներդրումն ունենալու», - հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«ԱրմենՏել»-ի GPRS ռոումինգը հասանելի է հիսուն երկրներում, իսկ 3G ռոումինգը` տասնվեց երկրներում: Գլոբալ ռոումինգի ծառայությունները ներառյալ, այսօր «ԱրմենՏել»-ի ռումինգ գործընկերների թիվը կազմում է 440 օպերատոր աշխարհի 210 երկրներում, հաղորդում է «ԱրմենՏելի» մամլո ծառայությունը: