3 ապրիլի 2025 - 10:55 AMT
Բալայան. Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ–ն խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին

Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացվել են «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի վերաբերյալ լսումներ։ Նիստը վարել է հանձնաժողովի ղեկավար Էլս Վան Հուֆը, հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։

Նրա հրավերով նիստին մասնակցել և ելույթ է ունեցել դեսպան Տիգրան Բալայանը։ Նա նշել է, որ նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ–ն խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին։

«Նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի»,–ասել է նա։

Նա կարևորել է միջազգային դերակատարների հետևողական աջակցությունը՝ լարվածության կանխման և Հայաստանի կառուցողական առաջարկների իրագործման գործում։

Իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին՝ Հայաստանին վերաբերող կարևոր հարցերին անընդհատ հետևելու համար՝ առանձնացնելով նաև այն հանգամանքը, որ Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում ամրագրված է աջակցությունը Հայաստանին։ Այդ համատեքստում նա շեշտել է հայ-բելգիական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Երևանում Բելգիայի դեսպանության գործունեության նշանակությունը։

Պատգամավորների հարցերին պատասխանելիս դեսպան Բալայանը համապարփակ ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը, խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի կողմից տնտեսության բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: