ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ գտնվում է տնային կալանքում, արձագանքել է Գյումրիի ընտրությունների ընթացքում ու քվեարկությունից հետո իր քաղաքական ուժին ուղղված քննադատություններին և մեղադրանքներին՝ իր հերթին քննադատելով ՀՀ երկրորդ նախագահի հետ «կապ ունեցող որոշ շրջանակներին»։
Դիմելով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած Մարտուն Գրիգորյանին՝ նա նշել է, որ գործող իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի «չարյաց փոքրագույն նախընտրելն այլընտրանք չունի»։
«Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։
Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։
Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։
Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։
Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը»,–ասվում է գրառման մեջ։
Նա ավելացրել է, որ նույնիսկ համեստ վերլուծությամբ պարզ էր դառնում՝ Գրիգորյանի և Մխիթարյանի ընտրողներն ամեն դեպքում չէին պատրաստվում քվեարկել Ղուկասյանի կամ մեծ մասի համար անհայտ Կարեն Սիմոնյանի օգտին։
«Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժան էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։
«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второесчастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։
Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում»,–գրել է Աշոտյանը։
Նա նշել է, որ եթե այն պնդումը ճիշտ է, թե Սերժ Սարգսյանը «թաքուն մարդ է դրել», և եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ նույն աղբյուրների, ռեյտինգ չունի, ապա այդ շրջանակները պետք է իրենց հեղինակությամբ հրապարակավ պաշտպանեին իրենց թեկնածուներին։
«Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։
Իսկ իրականում գյումրեցին չընտրեց Նիկոլին, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:
Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում»,-ասվում է գրառման մեջ։
Աշոտյանն ընդգծել է, որ իր նկատած հակաքարոզչությունն այնքան բացահայտ բնույթ է ունեցել, որ նույնիսկ մտածում է՝ դրա նպատակն իրականում Ղուկասյանին քաղաքապետ դարձնելը չէ, այլ՝ մեղավորություն բարդելով ուրիշների վրա՝ նրան չդարձնելը։
«Հուսամ, գրածս կհասնի նաև Մարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց»,–գրել է Աշոտյանը։
ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։