3 ապրիլի 2025 - 17:53 AMT
ԵՄ հանձնակատար. Պահն է ոգեկոչելու հայերի՝ 110 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես է եկել ուղերձով՝ ընդգծելով ինչպես անցյալի ողբերգության հիշատակման, այնպես էլ տարածաշրջանային հաշտեցման կարևորությունը։

«Պահն է անցյալը հիշելու և ոգեկոչելու հայերի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 110 տարի առաջ։ Պահն է վերահաստատելու մեր հանձնառությունը կանխարգելելու նման սարսափելի ողբերգությունները։ Բայց նաև պահն է հույսի, որ կկարգավորվեն ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Խաղաղ, կայուն և ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու հույսի պահն է»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Քննարկման ընթացքում խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունները դատապարտել են Թուրքիայի վարած քաղաքականությունն ընդդեմ հայ ժողովրդի՝ կարևորելով նաև հաշտեցման ուղիների անհրաժեշտությունը ինչպես Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև։

Հանձնակատարը նաև վստահեցրել է՝ Եվրամիությունը շարունակում է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հաշտեցման ջանքերին և փնտրում է նոր ուղիներ՝ առաջընթաց ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ հաշտեցման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է բաց և անկեղծ երկխոսություն՝ անցյալի հանդեպ ազնիվ գնահատմամբ։

«Հասկանալի է, որ հաշտեցման ճանապարհին երկրներն ի վիճակի կլինեն նայելու իրենց անցյալին, ի վիճակի կլինեն ունենալ բաց և անկեղծ երկխոսություն։ Մենք ողջունում ենք ներկայումս կատարվող քայլերը։ Մենք հավատում ենք՝ վերջին տարիներին հարաբերությունների կարգավորմանը հասնելու ճանապարհին գործընթացը նոր թափ է ստացել»,–ասել է նա։

Վարհեին անդրադարձել է նաև Մարգարայի սահմանային անցակետի ժամանակավոր բացմանը, որը գնահատվել է ոչ միայն Սիրիայի համար հումանիտար օգնություն մատակարարելու տեսանկյունից, այլև՝ որպես դրական ազդակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

«Որպես հաջորդ քայլ՝ ԵՄ-ն քաջալերում է ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները կատարել և բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա խաղաղության, կայունության և համագործակցության հնարավորություն է Հարավային Կովկասում։ Այս պատճառով ԵՄ-ն շարունակում է աջակցել վստահության մեխանիզմների կառուցմանը․ ՀՀ-ի և Թուրքիայի միջև»,–ասել է նա։

Քննարկման ավարտին Վարհեին ընդգծել է, որ այս բանավեճը փաստում է՝ պատմության հիշատակումը կարևոր է՝ զոհերին հարգանքի տուրք մատուցելու, հայկական ինքնության և հանրային հիշողության ձևավորման տեսանկյունից։

«Մենք երբեք չենք մոռանա այդ դեպքերը, բայց նաև պետք է վստահ լինենք, որ թույլ չենք տա՝ դա երբևէ կրկնվի։ Ձեզնից շատերը շեշտեցին, որ կարևոր է նաև հաշտեցումը և խաղաղ, կայուն ապագայի համար քայլեր կատարելը։ Ուզում եմ հորդորել ՀՀ-ին և Թուրքիային աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել»,-ասել է նա։