Ապրիլի 3-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական ֆարսը, որի հերթական նիստում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով հարցերին, հայտարարել է, որ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է գումարտակի հրամանատար, կռվել է ադրբեջանցիների դեմ Արցախի տարբեր հատվածներում և ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նա ասել է, որ եղել է 8 գումարտակներից մեկի հրամանատարը:
Իշխանյանն ասել է, որ դրանք ենթարկվում էին շրջանի պաշտպանական գծի հրամանատարությանը, որը ղեկավարում էր Մոնթե Մելքոնյանը, իսկ բանակի հրամանատարն էր Սամվել Բաբայանը, գրում է Minval.az-ը։
Նա նաև ասել է, որ Արցախի բանակը ենթարկվում էր Ինքնապաշտպանության կոմիտեին, հայտնում է APA-ն։
«Ղեկավարները Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանն էին, բայց կառավարման մեխանիզմի մասին ոչինչ ասել չեմ կարող»,–ասել է նա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի։
Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 17-ին, որին ընթացքում հարցերի էր պատասխանել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։