7 ապրիլի 2025 - 13:42 AMT
Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խորհրդանշական հանդիսավորությամբ նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ էկատարվում, հայտնում է Qahana.am-ը։

Հայաստանում ապրիլի 7–ին նշվում է նաև մայրության ու գեղեցկության օրը։

Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

«Այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը հայ մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։

Շնորհավորական խոսքում Վեհափառը նաև հայցել է Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը՝ խնդրելով, որպեսզի Տերը Իր սուրբ աջի հովանու ներքո պահի հայրենիքը խաղաղության, ապահովության և բարօրության մեջ, ինչպես նաև օրհնի հայ ժողովրդի հայրենաշեն ու ազգանպաստ ջանքերը։