Ապրիլի 7–ին բիթքոինի փոխարժեքը նվազել է, բարձր ռիսկ ունեցող այլ ակտիվների հետ մեկտեղ, ինչը պայմանավորված է արտաքին առևտրում նոր մաքսատուրքերի վերաբերյալ հաղորդագրություններով։
Coindesk-ի տվյալներով՝ մոսկովյան ժամանակով 14:45-ին բիթքոինի արժեքը նվազել է 3.7 տոկոսով՝ հասնելով 76 637 դոլարի։ Այս տարվա սկզբից ամենահայտնի կրիպտոարժույթի արժեքը նվազել է 17.6 տոկոսով և ներկայումս այն վաճառվում է նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակում, գրում է Interfax-ը։
Ամերիկյան S&P 500 ֆոնդային ցուցանիշի ֆյուչերսները նվազել են 2.3 տոկոսով, իսկ համաեվրոպական Stoxx Europe 600 ցուցանիշը՝ 4.6 տոկոսով։ Գլոբալ շուկաների անկումը հրահրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որոշ արտասահմանյան առևտրային գործընկերների համար խոշոր մաքսատուրքերի սահմանման որոշմամբ, ինչը մեծացրել է համաշխարհային տնտեսության մեջ հնարավոր ռեցեսիայի վախերը։
Kraken բորսայի տվյալներով, ethereum արժեքը, որը կրիպտոարժույթների շարքում երկրորդն է, նվազել է 6 տոկոսով՝ հասնելով 1 480 դոլարի։
Բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան կազմում է մոտ 2.59 տրիլիոն դոլար։ Դրանից բիթքոինին բաժին է ընկնում 82 տոկոսը, իսկ ethereum–ին՝ 8 տոկոսը։