16 ապրիլի 2025 - 18:42 AMT
Անդրեասյան. Չունենք լեզվական քաղաքականության հայեցակարգ՝ լուրջ խնդիր է

Ազգային ժողովում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հայերենի թարգմանության խնդիրներին, ասել է, որ մինչ օրս չունենք լեզվական քաղաքականության մշակված և հաստատված հայեցակարգ, ինչը լուրջ խնդիր է։

«Պետք է տեղեկացնեմ, որ հայեցակարգի նախագիծն արդեն մշակել ենք, և սա անդրադառնում է հայերենի՝ որպես պետական լեզվի, նաև այլ լեզուների օգտագործման քաղաքականությանը»,- ասել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը։

Նա հավելել է, որ թեման շարունակում է մնալ գերատեսչության ուշադրության կենտրոնում, ու նախարարությունն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում՝ վստահություն հայտնելով, որ փաստաթղթի մշակումը կփակի առկա բացերը և հայեցակարգի հաստատմամբ կարձանագրվի որակական առաջընթաց։