ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դա արգելված է ԱՄՆ սահմանադրությամբ։
«Ես ութ տարվա նախագահ եմ լինելու, երկու ժամկետով: Ես միշտ եմ կարևորել դա», — ասել է Թրամփը NBC-ի «Meet the Press» հաղորդման շրջանակում Քրիստեն Վելքերի հետ ունեցած հարցազրույցում, որը եթերում է հեռարձակվել կիրակի։
78-ամյա Թրամփը նախկինում ասել է, որ «չի կատակում»՝ երրորդ կամ նույնիսկ չորրորդ ժամկետով նախագահ դառնալու ցանկության մասին։ Նա հետագայում պարզաբանել է, որ այդ հայտարարությունները ուղղված են եղել «կեղծ լրատվամիջոցներին», հայտնում է BBC-ն։
Չնայած այս հայտարարություններին, The Trump Organization-ը վաճառքի է հանել «Trump 2028» գլխարկները, ինչը բորբոքել է քննարկումները Թրամփի ապագա ծրագրերի վերաբերյալ, երբ նրա երկրորդ ժամկետն ավարտվի 2029թ․ հունվարին։
Ուրբաթ օրը Ֆլորիդայում իր նստավայրից տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ բազմաթիվ «խնդրանքներ» է ստացել՝ շարունակել պաշտոնավարել։
«Շատերն են ուզում, որ ես դա անեմ: Այդպես անել, իմ տեղեկություններով, չի կարելի։ Ես չգիտեմ՝ դա սահմանադրության խնդիր է, թե այլ ինչ», — ասել է նա։
Նա նաև նշել է, որ «շատերն են վաճառում 2028 գլխարկը»։
«Բայց դա այն չէ, ինչով ես զբաղվելու եմ», — շարունակել է Թրամփը՝ մատնանշելով իրեն փոխարինելու հնարավոր գործիչներին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը հստակ սահմանում է, որ «ոչ մի անձ չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում ավելի քան երկու անգամ»։ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու երրորդի աջակցությունը, ինչպես նաև նահանգների երեք քառորդի վավերացումը։
Այնուամենայնիվ, Թրամփի որոշ կողմնակիցներ պնդում են, թե գոյություն ունի չստուգված բացթողում սահմանադրության մեջ։ Երբ NBC-ն հարցրել է, արդյոք որևէ մեկը նման տեսություններ ներկայացրել է իրեն, Թրամփը խուսափել է ուղղակի պատասխանելուց՝ նշելով, որ «շատերը տարբեր բաներ են ասել»։