ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը մայիսի 12-ին այցելել են «Ինժեներական քաղաք» (ԻՔ)։
Նրանք, «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ, շրջել են «Ինժեներական քաղաքում»։
Դեսպանին ներկայացվել են ԻՔ-ի հիմնական գործունեության ուղղությունները, իրականացվող նախագծերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» երկարաժամկետ տեսլականը։ Դեսպան Մարագոսը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև գործող ընկերությունների աշխատանքին և արտադրանքին ու կիսվել է իր տպավորություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել նոր համագործակցային ուղղությունների վերաբերյալ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ ապագա քայլերի շուրջ։
«Ինժեներական քաղաքը» հիմնված է պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքով՝ իրականացվելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, մասնավորապես ԲՏԱ նախարարության գործուն աջակցությամբ և «Ինժեներական ասոցիացիայի» ու մի շարք մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ Այս պահին «Ինժեներական քաղաքում» ներգրավված է 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մոտ 350 աշխատակիցով, որոնց մեծ մասը փորձառու ինժեներներ են։