Արարատ քաղաքում ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական տակտիկական վարժանքն է անցկացրել՝ երկրաշարժի հետևանքների հաղթահարման սցենարով։
Ըստ ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրության՝ ուսումնավարժանքի պայմանական սցենարի համաձայն տեղի է ունեցել պայթյուն բենզալցակայանում, իրականացվել է քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում և առաջին բուժօգնության ցուցաբերում։
«Աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում. ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը, բենզալցակայանը, որտեղ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ և երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզված շենք-շինությունը», – նշել է ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանը։
Վարժանքին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներ, Պարեկային ծառայությունը, «Արարատ» բժշկական կենտրոնի աշխատակիցները և մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գործընթացին հետևել են նաև մարզի և քաղաքի ղեկավար մարմինների ներկայացուցիչներ։
Նմանատիպ պարբերական վարժանքները ուղղված են փրկարարական անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը և բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը։