30 մայիսի 2009 - 18:29 AMT
Արման Մուրադյան. Մենք կառաջադրենք մեր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը` սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուի ժամանման առիթով կայացած մամլո ասուլիսում, ամփոփել է մայիսի 23-30-ը Երեւանում կայացած աշխարհի պատանեկան առաջնության նախնական արդյունքները:

«Այսօր առաջնության վերջին օրն է եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մրցաշարը հաջողվեց: Մենք երկու խնդիր ունեինք` առաջինը, բարձր մակարդակով կազմակերպել աշխարհի առաջնությունը, երկրորդը, մեր թիմը պատշաճ մակարդակի հասցնել: Ես կարծում եմ, որ մենք մեր խնդիրը կատարեցինք: Մենք արդեն չորս բրոնզե մեդալ ունենք, իսկ երեքն այսօր կպայքարեն ոսկու համար: Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար»,-ասել է Մուրադյանը:

Նա նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ անցկացնել նաեւ մեծ թիմերի համար: Մասնավորապես, նա ասել է, որ ՀՀ-ն կառաջադրի իր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար:

«Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկեց Երեւանում մայիսի 23-ին; Մրցաշարին, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, առաջին անգամ գրանցվեց մասնակիցների ռեկորդային թիվ` 255 բռնցքամարտիկ 42 երկրից: Նշենք, որ մինչ մեկնարկը հայտագրված երկրների թիվը 54 էր, սակայն վերջին պահին նրանցից 12-ը հրաժարվեցին մասնակցությունից:

Եզրափակիչն ու փակման արարողությունը տեղի կունենան մայիսի 30-ին: