30 մայիսի 2009 - 20:53 AMT
Հայաստանում մեկնարկել է Բուլղարական մշակույթի տարին
Հայաստանում մեկնարկել է Բուլղարական մշակույթի տարին: Բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 4-ը Հայաստանում մի շարք համերգներ կանցնեն: Երկու երկրների մշակույթների նախարարությունները մշակութային ծրագիր են իրականացնում Բուլղարիայի հայտնի ազգային ու դասական պարային համույթների մասնակցությամբ:

«Տեւեական դադարից հետո Բուլղարիան կրկին ներկայացավ հայ հանդիսատեսին իր ողջ փայլով, միասնական մի ծրագրով»,-ասել են երկու երկրների դեսպաններ Տոդոր Ստայկովն ու Սերգեյ Մանասյանը Ճարտարապետների տանը տեղի ունեցած մամլո ասուլիսում:

ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ընդգծել է. «Կարեւոր է վերականգնել եւ աջակցել երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը: Հայաստանում կայանալիք համերգներն ու ցուցահանդեսները ամուր հիմք կհանդիսանան դրա համար»;

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն ինձ թվում է, թե ես միշտ հիանալի ճանաչել եմ այս երկիրը: Մեր երկրներն ու ժողովրդները շատ ընդհանրություններ ունեն: Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել ներկայացնել բուլղարական մշակույթը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ Հայաստանի այլ քաղաքներում»,-ասել է Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Իվան Տոկաջիեւը:

Մայիսի 31-ին Դիլիջանում տեղի կունենա «Արաբեսկ» բալետի խմբի, «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբի, «Տատիկները Բիստրիցայից» համույթի եւ «Նայդեն Կիրով» ազգագրական պարի համույթի առաջին համերգը:

Հունիսի մեկին այդ կոլեկտիվների ելույթը կարող են տեսնել Գյումրիում եւ Արմավիրում, իսկ մեկ օր անց Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում:

Հայաստանում Բուլղարական մշակույթի տարվա պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր երեկոյան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալա-համերգով: Արդեն բացվել է նաեւ լուսանկարչական ցուցահանդեսը «Բուլղարիան իր ամբողջ փայլով», որը պատմում է Բուլղարիայի վանքերի ու սրբավայրերի մասին: