Նարկոլոգ․ Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք վնասներն ու վտանգները
Նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը, անդրադառնալով դեռահասների շրջանում թմրամիջոցների տարածմանը, գրել է, որ հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոնների ու վարքագծային փոփոխությունների վերաբերյալ ուղեցույցը հրապարակվել է առողջապահության նածարարության ֆեյսբուքյան էջում։
«Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք դրանց գործածման վնասներն ու վտանգները»,–նշվում է հրապարակման մեջ։
Թմրամիջոցների օգտագործման հիմնական ռիսկային գործոններն են՝
- հոգեկան խանգարումներ,
- վարքային խանգարումներ,
- հետտրավմատիկ սթրեսային արձագանքներ,
- ցածր ինքնագնահատական կամ մերժված լինելու զգացողություն,
- ժամանակակից համարվելու ձգտում,
- ըմբոստություն, կանոններին հակազդելու ցանկություն։
Հատկապես կարևոր է նկատել դեռահասի վարքի ցանկացած փոփոխություն, օրինակ՝
- հաճախակի տրամադրության փոփոխություններ՝ առանց ակնհայտ պատճառի,
- հիշողության և ուշադրության խանգարումներ, դժվարություններ կենտրոնացման հետ,
- ուսման առաջադիմության անկում,
- գրգռվածություն, ագրեսիա, հակամարտային վարք,
- մշտական հոգնածություն,
- ցերեկային քնկոտություն ու գիշերային անքնություն,
- մեկուսացում, անտարբերություն սեփական անձի, ընտանիքի, ընկերների և նախընտրելի զբաղմունքների հանդեպ,
- նախկին ընկերների փոխարինում կասկածելի նոր շրջապատով,
- գումարի հաճախակի պահանջ, հիմնավորում չունեցող ծախսեր,
- գաղտնի հեռախոսազանգերի բազմապատիկ աճ։
Ֆիզիոլոգիական նշանները կարող են ներառել՝
- մաշկի և լորձաթաղանթների ուժեղ գունատություն կամ կարմրություն,
- բբերի լայնացում կամ կրճատում, կարմրած աչքեր,
- անհանգիստ կամ սառած հայացք,
- դանդաղ կամ արագացած խոսք, որն անհամակարգ է,
- ախորժակի կորուստ և քաշի նվազում,
- երկարատև հազ,
- շարժումների անհամակարգություն։
- Թմրամիջոցների օգտագործումը վնասում է ամբողջ օրգանիզմը՝
- նյարդային համակարգի վրա ազդում է՝ բերում ինտելեկտի անկման, թուլամտության, ծանր հոգեկան խանգարումների,
- սրտի և անոթների վրա՝ առաջացնում է ճնշման կտրուկ բարձրացում և սրտի ռիթմի խանգարումներ,
- ստամոքսի և աղիքների համակարգի խանգարումներ,
- վերարտադրողական և սեռական համակարգի խանգարումներ՝ պայմանավորված հորմոնալ անհավասարակշռությամբ։