31 մայիսի 2009 - 13:03 AMT
«Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն հուսով է, որ ընտրություններն արդար կլինեն
Երեւանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր 11:00-ին թիվ 10/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել: Քվեարկությունից հետո, նա հույս է հայտնել, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն նախորդ ընտրությունների համեմատ: «Հուսով եմ, որ այս ընտրություններն արդար ու թափանցիկ կլինեն: Իմ օրը ես մտադիր դեմ անցկացնել մեր կուսակցության կենտրոնական շտաբում, որտեղ էլ կհետեւեմ իրադարձություններին»,-ասել է Հարություն Քուշկյանը: Նրա խոսքերով, դեռեւս շտաբը խախտումների մասին հաղորդագրություններ չի ստացել:

Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները:

Ըստ ՀՀ ԿԸՀ-ի տվյալների, ընտրությունների ընթացքին կհետեւեն 7000 վստահված անձիք, որոնք ներկայացնում են վեց կուսակցություններ եւ մեկ ընտրական դաշինք:

Տեղական դիտորդների քանակը շուրջ 6000 է, միջազգային դիտորդները 15-ն են, որոնք ներկայացնում են Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Ընտրողների թիվը Երեւանում կազմում է 771 477 մարդ, տպվել է 790 հազար քվեաթերթիկ: ԿԸՀ-ն երեք ժամը մեկ տվյալներ կներկայացնի քվեարկության ընթացքի վերաբերյալ:

ԿԸՀ ապրիլի 30-ի որոշման համաձայն, ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առողջապահության նախարար Հարություն Քուշկյան), «Օրինաց երկիր» կուսակցությունը (պատգամավոր Հեղինե Բիշարյան), Հայ հեղափոխական դաշնակցությունը (Արծվիկ Մինասյան): Արտախորհրդարանական քաղաքական ուժերից ընտրություններին կմասնակցեն Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (Մովսես Շահվերդյան) եւ Հայ ազգային կոնգրեսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: