31 մայիսի 2009 - 13:18 AMT
Հայաստանի նախագահի ընտանիքը մասնակցել է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին
Տեղի ժամանակով 11:00-ին թիվ 9/10 ընտրատեղամասում թիվ 24 Սպանդարյանի անվան դպրոցում քվեարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքով: Առաջինը քվեարկել է նախագահը, այնուհետեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նրանց դուստրը:

Նախագահը լավ տրամադրություն ուներ, ժպտում էր, սակայն լրագրողների հարցերին չպատասխանեց` հայտարարելով, որ այսօր լռության օր է:

Ինչպես ասել է ընտրատեղամասի նախագահ Արեւհատ Ղազարյանը, այս ընտրատեղամասում գրանցված են 1936 ընտրողներ: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այս ընտրություններում, որ անցնում են նոր կարգով, քաղաքացիների ակտիվության մասին` Ղազարյանը նշել է, որ ընտրություններին նախապատրաստական եւ ընտրության բուն գործընթացը չեն փոխվել:

Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: