27 մայիսի 2025 - 11:36 AMT
Ներկայացվել են Հռոմի կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել է քայլերը, որոնք ձեռնարկվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո՝ դրա ամբողջական կիրառումը ապահովելու նպատակով։

Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։

Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։

Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։