31 մայիսի 2009 - 16:48 AMT
Ժամկետային զինծառայողները չեն մասնակցում Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որեւէ ժամկետային զինծառայող զորամասից չի հանվել եւ զինծառայողների ցուցակներ չեն կազմվել:

Ս. Շահսուվարյանը շեշտել է, որ «հրահանգը եղել է բոլոր զորամասերի հրամանատարներին չխոչընդոտել զինծառայողների` սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների, իրենց սահմանադրական իրավունքից օգտվելու գործընթացը: Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ զինծառայողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու իրենց սահմանադրական իրավունքից: «Մեր կողմից հրահանգվել է, որպեսզի զորամասերի հրամանատարները հնարավորություն տան ընտրելու ցանկություն ունեցող վերոհիշյալ քաղաքացիներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, եւ որեւէ կերպ չպարտադրել այն զինծառայողներին, ովքեր չեն ուզում մասնակցել, գնալ ընտրության: Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անտեղի շահարկումներից»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ: