1 հունիսի 2009 - 02:00 AMT
ՀԱԿ-ը հայտարարում է իրենց կողմից կանխված բազմաթիվ խախտումների մասին
«Ձայների հաշվարկի գործընթացում այս պահին տեղի ունեցող բացահայտ խախտումները խոսում են միայն այն մասին, որ անգամ նման զանգվածային խախտումներից հետո իշխանությունները վստահ չեն, որ հարցը լուծված է իրենց օգտին»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Արման Մուսինյանը հայտնել է թիվ 5/ 15 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անուշավան Նիկողոսյանի առեւանգման մասին: Նա նաեւ նշել է, որ թիվ 7 եւ թիվ 8 ընտրատեղմասերում Մալաթիա- Սեբաստիա համայնքում, ոչ թե «ընտրություններ են կայացել», այլ «ընտրությունների բռնաբարություն»: Այնտեղ ծեծի են ենթարկվել 4 հայկական թերթերի լրագրողներ, ինչպես նաեւ դիտորդ «Թրանսփերանսի ինթերնեշընլ» (Transparency International) կազմակերպությունից, ով փորձել է կանխել խախտումները:

Մուսինյանը հայտնել է լրագրողներին, որ անմիջապես մամլո-ասուլիսի ժամանակ նա հաղորդագրություն է ստացել թիվ 5/10 ընտրատեղամասում քվեատուփ գողանալու փորձի մասին:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում խախտումների արձանագրություններ կազմելուն, Արման Մուսինյանը նշել է, որ այդ տեսանկյունից որոշ խոչընդոտներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն, մնացած վայրերում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձանց հաջողվել է կանխել եւ գրավոր արձանագրություններ կազմել գրեթե բոլոր խախտումների վերաբերյալ: