ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին՝ Իտալիայի ազգային տոնի առիթով։ Կողմերը մտքեր են փոխանակել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից բնագավառներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։
Քննարկման առանձին հատվածում անդրադարձ է եղել նաև պատմամշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ուղղությամբ առկա համագործակցության շարունակական զարգացման հարցին։
Զրույցի ավարտին դեսպան Ֆեռանտին հավաստիացրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է ներդնում՝ ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ:
,Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։
Դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել տոնական ընդունելության համար՝ հավելելով. «Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խորը և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին և երկխոսության ընդլայնման հնարավորություններին։ Դեսպանը ներկայացրել է տնտեսական ոլորտում արձանագրված վերջին զարգացումները։ Մասնավորապես, շեշտել է, որ ի նպաստ Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի խթանման, դեսպանության ներքո ձևավորվել է Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակ։
Դեսպանը նշել է նաև մի շարք առաջիկա ծրագրերի մասին, որոնք ուղղված են երկու երկրների տնտեսական համագործակցության խորացմանն ու նոր ուղղությունների բացահայտմանը։ Երկուստեք գոհունակություն է հնչեցվել զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվության կապակցությամբ՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկների հոսքի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության ու վստահության բարձր մակարդակի մասին։