1 հունիսի 2009 - 16:48 AMT
«Ուլիսը» ջախջախեց «Գանձասարին» Հայաստանի առաջնության 10-րդ փուլում
Ավարտվեց Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության 10-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը երեւանյան «Ուլիսը» խոշոր հաշվով` 5:0, իր դաշտում հաղթանակ տարավ «Գանձասարի» հանդեպ: Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Արդեմ Ադամյանը, 22-րդ րոպեին վրացի պաշտպան Գագա Տիբիլաշվիլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում` 48-րդ րոպեին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը խոշորացրեց հաշիվը: Վերջին երկու գոլերը «Ուլիսը» հարվածեց հանդիպման ավարտին: Սկզբում 88-րդ րոպեին կապանցիների պաշտպան Դավիթ Կանիշվիլին ինքնագոլ հարվածեց, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին երեւանցիների կիսապաշտպան Արա Հովհաննիսյանը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:

10-րդ փուլի մեկ այլ հանդիպմանը «Արարատն» իր տասներորդ պարտությունը կրեց` 0:1 հաշվով իր դաշտում զիջելով Աշտարակի «Միկային»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կոտ դ'Իվուարից մասնակցող հարձակվող Բոտի Դեմելը:

10-րդ փուլի առաջին երկու հանդիպումներին, որոնք մեկ օր առաջ էին կայացել, «Փյունիկը» 1:3 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» 5:1 հաշվով իր դաշտում ջախջախեց Գյումրու «Շիրակին»:

Մրցաշարայաին դրությունը 10 փուլերից հետո`

1.Փյունիկ - 28
2.Միկա - 23
3.Բանանց - 21
4.Ուլիս - 19
5.Շիրակ - 10
6.Կիլիկիա - 9
7.Գանձասար - 7
8.Արարատ - 0