5 հունիսի 2025 - 18:00 AMT
Միրզոյանը մտահոգիչ է համարում ԵՄ երկրների վիզաների տրամադրման ընթացքը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացն, իսկապես, մտահոգիչ է։

«Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարի խոսքով՝ հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով։

«Բացառիկ դեպքեր կան, որ ընդունում ենք՝ չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում, դեպքերի մեծ մասում էլ, առնվազն, մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- նշել է Միրզոյանը։

Նախարարն ընդունում է խնդրի լեգիտիմությունը, լավագույն լուծում է համարում վիզաների ազատականացման գործընթացի ավարտը, որտեղ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու։

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։