6 հունիսի 2025 - 18:59 AMT
Պետրոսյան․ ՊՎԾ միջոցով 2024–ին բյուջե է վերադարձվել ավելի քան 922 մլն դրամ

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2024-ի իրենց բյուջեի կատարողականը՝ ընդգծելով ծառայության արդյունավետությունը։ Նա հայտնել է, որ ՊՎԾ միջոցով 2024–ին բյուջե է վերադարձվել ավելի քան 922 մլն դրամ։

Պետրոսյանն ամփոփել է տարվա ընթացքում ՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները՝ կարևորելով կատարողականի տեսանկյունից առանձնացած մի շարք վիճակագրական տվյալներ և ցուցանիշներ, հայտնում է 1lurer.am-ը։

Հաշվետու տարում ծառայությունը պետական կառավարման մարմինների և նրանց ենթակայության տակ գործող կազմակերպությունների նկատմամբ իրականացրել է 159 մշտադիտարկում, որոնցից 114-ը ավարտվել են 2024 թվականին, իսկ մնացած 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Կատարվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ն արդեն ավարտվել են նույն տարում, իսկ 5-ն ընդգրկվել են 2025 թվականի պլանում։

Արդյունքների ամփոփ պատկերը հետևյալն է՝ 2024-ին պետական կառավարման մարմինների և նրանց ենթակայության ներքո գործող կազմակերպությունների մասով ՊՎԾ-ն իրականացրել է 27 ուսումնասիրություն և 159 մշտադիտարկում։

2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 922 մլն ՀՀ դրամ (2023թ.-ին՝ 1,1մլրդ ՀՀԴ)։

Ծառայության վերահսկողական գործունեության իրականացման արդյունքում 69 տեղեկանք և տեղեկատվություն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հետագա քրեաիրավական ընթացքն ապահովելու համար. Այդ գործերից 63-ի հիմքով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մայիսի 29-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ մինչ այս ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ մտնող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն այսուհետ վերապահվեց Պետական վերահսկողական ծառայությանը:

Բացի այդ, նոր օրենքով Ծառայության վերահսկողական լիազորություններն ընդլայնվեցին նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության իրականացման մասով: