Ադրբեջանը զգալիորեն ընդլայնել է Պակիստանից JF-17 Thunder կործանիչների պատվերը՝ 16-ից հասցնելով մինչև 40 ինքնաթիռի։ Այս խոշոր ձեռքբերումն ամենամեծն է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտահանման պատմության մեջ։
4.6 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիրը, որը ներառում է նաև 2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ, պաշտոնապես հաստատվել է Պակիստանի կառավարության կողմից։ Այս գործարքով Ադրբեջանը դարձել է JF-17 շարքի խոշորագույն արտասահմանյան գնորդը՝ գերազանցելով Նիգերիային և Մյանմային, գրում է Defence Industry Europe-ն։
JF-17 Thunder-ը համատեղ մշակվել է Պակիստանի Օդատիեզերական համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի կողմից։ Այն համարվում է արդիական օդային մարտունակություն ապահովող մատչելի լուծում։ Ադրբեջանը ձեռք է բերելու Block III տարբերակը՝ ամենավերջին և զարգացած մոդելը, որը հագեցած է AESA ռադարով, արդիականացված ավիոնիկայով և երկար հեռահարության PL-15 ու PL-10 օդ-օդ հրթիռների գործածման հնարավորությամբ։
2019 թվականին առաջին թռիչքն իրականացրած JF-17 Block III-ն իր նախորդ տարբերակների համեմատ բերում է էական տեխնոլոգիական բարելավումներ։ Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանը կարող է ինտեգրել թուրքական Gokdogan և Bozdogan հրթիռները, ինչը վկայում է Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուժեղացող ռազմական համագործակցության մասին։
Ինքնաթիռները կահավորվելու են նաև ASELPOD թիրախային համակարգերով, ինչը Ադրբեջանին դարձնում է այս տեխնոլոգիան կիրառող սահմանափակ երկրների մաս՝ Պակիստանի և Նիգերիայի կողքին։ Այս ընդլայնված գնումը վկայում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արդիականացման և մասին։
Պակիստանն աջակցել է Ադրբեջանին 2020–ին 44–օրյա պատերազմի ժամանակ, որից հետո այդ երկրները, Թուրքիայի ներգրավմամբ, բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Պակիստանի վարչապետն անգամ մասնակցել է Լաչինում օդանավակայանի բացմանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ միասին։