ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է, որ 2024-ին ոսկու վերարտահանումը կազմել է արտահանվող բոլոր ապրանքների գրեթե 50%-ը:
Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ երկրի ընդհանուր արտահանումը 2023 թվականին կազմել է 8.5 մլրդ, առանց ոսկին հաշվի առնելու` 6.8 մլրդ։ 2024 թվականին արտահանումը կազմել է 13.1 մլրդ, բայց առանց ոսկու՝ 7.5 մլրդ։ Այսպիսով, երկրից արտահանումը (նույնիսկ առանց ոսկու) 6.8 դոլարից աճել է մինչև 7.5 մլրդ, հայտնում է Sputnik Արմենիան։
Ոսկին զգալի մասնաբաժին էր կազմում նաև երկրի ներմուծման մեջ (հաշվի առնելով, որ ոսկին ներմուծվում է այդքան մեծ ծավալներով, ենթարկվում է կոպիտ մշակման, ապա վերարտահանվում): Անցյալ տարի Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 17 մլրդ դոլար, արտահանումը՝ մոտ 11.1 մլրդ դոլար։
Նախարարը նաև ընդգծել է, որ 2025 թվականի սկզբից վերարտահանման այդ մեխանիզմը գրեթե դադարել է գործել։ Սակայն ինչպես նախկինում դրա բարձր ցուցանիշները չէին նպաստում տնտեսական էական աճին, այնպես էլ այժմ դրա կրճատումը չի ազդել աշխատատեղերի պահպանման կամ արտադրական ծավալների վրա։
Նա նշել է, որ ոսկու վերամշակումը ազդել է արդյունաբերության ցուցանիշների վրա, քանի որ դա ներառվել է նաև արդյունաբերական ծավալներում, ինչի արդյունքում 2024 թվականին արձանագրվել է կտրուկ աճ, իսկ այժմ՝ նույնքան նկատելի անկում։