ՊԵԿ-ն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, համաձայն որի՝ ՀՀ մաքսային ծառայություններն արգելել են հայկական կոնյակի արտահանումը` թույլ չտալով կոնյակով բարձված բեռնատարները հատեն հայ-վրացական սահմանն ու դուրս գան Հայաստանից:
ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը հայտնել է, որ հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։
«Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ ՊԵԿ-ը գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումը անցակետից»,- հայտնել է ՊԵԿ մամուլի խոսնակը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ։Օրերս Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել էր իր այցը Երևան, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։
Հայ կոնյակագործները արդեն մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել Վրաստանի դեսպանատան, կառավարության մոտ՝ պահանջելով լուծել դեպի ՌԴ Վրաստանի տարածքով տարանցման հարցը, քանի որ հարևան երկրում առանց որևէ հիմնավորման նմուշներ են վերցնում տարանցվող ապրանքից և օրերով թույլ չեն տալիս շարունակել երթևեկությունը։