Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել՝ հասցեագրված հոգևորականներին։ Նրան հետաքրքրում է, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։
Հունիսի 10–ի ուշ երեկոյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով մեկօրյա այցից հետո վերադարձավ ԱՄԷ-ից։
«Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»,–ասել է կաթողիկոսը