Պետությունը նախատեսում է 2026 թվականին համայնքների տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի:Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների հաշվետվությունը։
«2024-ին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան, ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին»,- նշել է Խուդաթյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նախարարը նաև հիշեցրել է, որ 2024 թվականին առաջին անգամ բարեփոխվել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմները՝ նպատակ ունենալով նվազեցնել ֆինանսական անհավասարությունը տարբեր կարողություններ ունեցող համայնքների միջև։
«Այդ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսերի համար հատկացվել է 5-ական միլիոն դրամ։ Բացի այդ, ազգային փոքրամասնություններով բնակեցված 8 համայնքներից յուրաքանչյուրին տրամադրվել է 50-ական մլն դրամ դոտացիա։ Դոտացիայի չափը շարունակաբար ավելանում է։ 2026-ին այն կհասնի 107.8 մլրդ դրամի, ինչը 2023 թվականի համեմատ կգերազանցի մոտ 54 տոկոսով»,- ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ Խուդաթյանը հավելել է, որ 31 մլրդ դրամ է տրամադրվել այդ նպատակով։