Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունն արդեն նախապես ապահովել է իմպիչմենտի նախաձեռնության համար պահանջվող ստորագրություններից 28-ը, սակայն գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է ևս երկու ստորագրություն։
Նա հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար:
«Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ են, խմբակցության գրասենյակում դրված են: Երբ սկսվի իմպիչմենտի գործընթաց, այդ ստորագրությունները պատրաստ են և այդ ձևաթուղթը կփոխանցվի»,- «Պատիվ ունեմ» խմբակցության հետ հանդիպումից հետո, ասել է Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է 36 ստորագրություն գործընթացը սկսելու համար, իսկ «Հայաստան» խմբակցության 28 և «Պատիվ ունեմ» խմբակցության 6 ստորագրությունը միասին կազմում են 34։
«Որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս 2 ստորագրութուն, մենք մեր գործընկերների հետ քննարկմանը փորձեցինք շոշափել այդ հարցը, թե արդյոք կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք, դժբախտաբար դա դեռ չունենք։ Բայց պարոն Մամիջանյանն էլ հայտնեց, որ եթե այդ երկու ձայնն էլ լինի, պետք չէ խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ այլ քանակ գործընթացը լիարժեք սկսելու համար»,-հայտարարել է Սաղաթելյանը։
Նա ասել է, որ այդ 28 ստորագրությունը կա և իրեն հայտարարությունը, խոսքը արժեք ունի և ինքն էլ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի օրինակով այդ ստորագրությունները չի դնի իր ֆեյսբուքյան էջին։
«28 պատագամավորը, գործընթացը սկսվելու դեպքում, անմիջապես պատրաստ է ստորագրելու։ Ասել ենք՝ կան այդ ստորագրությունները պատրաստ ենք գործընթացի, այդ թվում այն թեկնածուով որին առաջադրել են»,-ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ իրենց դիքորոշումն այն է, որ պետք է փողոցային պայքար սկսել և ապահովել անհրաժեշտ մյուս ստորագրությունները (ՔՊ-ական պատգամավորների)` հավելելով, որ իրենց մարտավարությունն այն է, որ ապահովվի այդ երկու պատգամավորի քվեն և սկսվի փողոցային պայքար։
«Կա իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտարարություն, այն գործընթացի կվերածվի, երբ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ աշխատանք, առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար»,-հայտարարել է Սաղաթելյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։