ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի գտնվելու հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի այս տարի։ Նման եզրակացության կարելի է հանգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից, հայտնում է Sputnik Արմենիան։
Միաժամանակ պատժամիջոցների պատճառով հայկական ավիացիոն ոլորտին հասցված վնասի գնահատում նախարարությունում չի կատարվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է հերթական թարմացված ցուցակը, որը ներառում է նաև Հայաստանը: Նախարարությունից ընդգծել են, որ ցանկում ներառելը չի արտացոլում արդեն իսկ կատարված աշխատանքի ծավալն ու որակը:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ «սև ցուցակից» դուրս գալու մտադրության կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին համապատասխան դիմում է ուղարկել ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենությանը։ Գործընթացը սկսվել է նոյեմբերի 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՇՏԵՀ-ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը հավաստող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և որոշում կայացնելու նպատակով:
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենություն ներկայացրած ուղղիչ գործողությունների և դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերի գնահատման պատասխանը ստացվել է 2025 թվականի ապրիլի 25-ին, որի արդյունքներով ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության կողմից առաջարկվել է Հայաստանում անցկացնել ԵՄ գնահատողական այց 2025 թվականի ընթացքում»,-նշվում է նախարարության պատասխանում։
Նախարարությունն ընդգծել է, որ «սև ցուցակից» դուրս գալու հարցով վերջնական որոշումը հնարավոր կլինի կայացնել միայն ԵՄ գնահատման այցի և դրա արդյունքների հիման վրա։
2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը բոլոր հայկական ավիաընկերությունները ներառել է թռիչքների անվտանգության «սև ցուցակում»՝ սահմանափակելով նրանց մուտքը ԵՄ օդային տարածք՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցանկում Հայաստանը հայտնվել է Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի, Նեպալի, Սուդանի և այլ երկրների կողքին։
Չնայած դրան, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են ընդհանուր ավիացիոն համաձայնագիր։ Սակայն դրա լիարժեք իրագործումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հայաստանը շարունակի համապատասխանեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափորոշիչներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական վերահսկողությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
2025 թվականի հունվարին նախարարությունը տեղեկացրել է Sputnik Արմենիային, որ ԵՄ թռիչքների սահմանափակման ցուցակում հայտնվելը դժվարություններ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ կազմակերպելիս։ Այդուհանդերձ, նրանք կարող են շարունակել թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ՝ այլ ընկերությունների օդանավերը օգտագործելով՝ վերջիններիս հետ կնքված բաց վարձակալության պայմանագրերի միջոցով։