Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, թե ԵՄ առաքելությանը Հայաստանի հարևան երկրներին։
Նա ասել է, որ Մոսկվան տեղյակ է և հիմնավորված է համարում Բաքվի մտահոգությունը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հայտնի է, որ այդ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, իսկ Երևանին, իհարկե, հաշվետու չեն»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է` տարածաշրջանում որևէ կայունության նրանք չեն նպաստում։
Նա նաև ասել է, որ ռուսական կողմը ՀՀ տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չի ստացել Երևանից։
«Մենք ՀՀ տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով: Ընդ որում, նրա խոսքով, ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունն այսօր չի քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարցը։
Մինչդեռ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ պահանջելով Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի տարածքից։