12 հունիսի 2025 - 13:10 AMT
Մատենադարանին չի հաջողվել ձեռք բերել Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուն

Փարիզում հունիսի 12-ին նախատեսված աճուրդում վաճառքի է ներկայացված Հրանտ Սամուելյանի հիմնադրած Արևելյան գրախանութի խորհրդանշական հավաքածուն, որը ներառել է տարբեր ժամանակներից մի քանի տասնյակ արժեքավոր ձեռագրեր ու գրքեր։ Դրանց ձեռքբերման պատրաստակամություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի ղեկավարությունը, սակայն այդ ուղղությամբ տարված քայլերը արդյունք չեն տվել։ Այդ մասին հայտնել է Մատենադարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանը։

Նրա փոխանցմամբ, Մատենադարանը երկար ժամանակ փորձել է կապ հաստատել համապատասխան անձանց հետ՝ քննարկելու գրքերն ու ձեռագրերը աճուրդից դուրս բերելու և ուղղակի գնում իրականացնելու հնարավորությունը։ Այդուհանդերձ, նման գործարք ձևակերպել չի հաջողվել, քանի որ աճուրդի կազմակերպման կանոնները նման տարբերակ չեն նախատեսել, հայտնում է Արմենպրեսը։

«Կայքում այս պահին նշված են մեկնարկային գները, որոնցով ուղղակի վաճառքը իրավասու անձինք համարել են անընդունելի՝ ակնկալելով, որ աճուրդի ընթացքում գները մի քանի անգամ կաճեն: Կա ևս մեկ խնդիր. թե՛ Հայաստանից, թե՛ Հայաստանից դուրս աճուրդին գրանցվելը բավականին շատ տեխնիկական խնդիրներ է առաջացրել: Մատենադարանի տնօրինությունը նույնիսկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության միջոցով է փորձել գրանցվել այդ աճուրդին: Նման փորձ են ձեռնարկել նաև Մատենադարանին մոտ կանգնած բազմաթիվ աղբյուրներ, որոնցից տեղեկություն ունենք, բայց նույնպես բախվել են բավականին լուրջ տեխնիկական խնդիրների: Այդուհանդերձ, Մատենադարանի ղեկավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում (հատկապես մասնավոր հատվածի հետ), որպեսզի հնարավորություն ունենա ձեռք բերել հայկական բոլոր ձեռագրերը, քանի որ մատյանները հայրենիք վերադարձնելը մեր գլխավոր առաքելությունն է»,- նշել է Էմմա Հոռոփյանը։

1930 թվականին հիմնադրված Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian), մասնագետների ու գիտակների կարծիքով, եղել է ավելին, քան սովորական գրախանութ։ Այն ծառայել է որպես հայկական մտքի լուռ ապաստան՝ այն սակավ վայրերից մեկը, ուր հայ գիրքը շարունակել է գոյատևել՝ անտեսելով հեռավորությունը և ժամանակի ընթացքը։