12 հունիսի 2025 - 13:52 AMT
Փաշինյան․ Խոսում են կաշառակերներ, չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած, բոլորս էլ հասկացանք՝ Ռոբերտ Քոչարյանի մասին է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ընդդիմության շարքերից իշխանության հասցեին հնչող քննադատությանը, ասել է, որ խոսում են կաշառակերները, «չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած, բոլորս էլ հասկացանք՝ Ռոբերտ Քոչարյանի մասին է», հայտնում է Aysor.am-ը։

Նա անդրադարձել է ընդդիմադիրների պնդումներին այն մասին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացվել են»։ Նա հիշեցրել է, որ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը գլխավորել է ընդդիմության ներկայացուցիչը։

«Ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել ու հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը, պետք է արձանագրել՝ ո՞ւր է եզրակացությունը։ Էլի դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ, չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած, բոլորս էլ հասկացանք՝ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։

Արծվիկ Մինասյանը չէ՞ր հանձնաժողովի ղեկավարը, բա ո՞ւր է զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք, սիրուն կդիմենք դատարան ու նրանց կստիպենք հակառակը պնդել»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը պարտավոր է բացատրել՝ ի՞նչ արդյունքների են եկել, ի՞նչ եզրակացություն են արձանագրել, և ինչու մինչ օրս զեկույցը չի հրապարակվել։