12 հունիսի 2025 - 14:03 AMT
Փոխնախարար․ Ճամբարակում պայթյունից տուժած շենքի ամբողջական փորձաքննություն կիրականացվի

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը կռավարության նիստում հայտնել է, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվել է նախնական սեյսմիկ գնահատում, իսկ առաջիկայում շենքը կենթարկվի ամբողջական և բազմակողմանի փորձաքննության։

«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել՝ ըստ նախնական գնահատման, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկերը, բնակիչները դեռ չեն բնակվում»,- ասել է նախարարի տեղակալը, հայտնում է 1lurer.am-ը։

Մկրտչյանը հավելել է, որ բոլոր տուժածների համար ապահովվել են ժամանակավոր կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, սակայն բնակիչների մեծ մասն օգտվելուց հրաժարվել է։ Այս պահին միայն երկու կին է բնակվում հյուրատանը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ, և պատճառների հատվածն այս շրջանակներում վերջնական կպարզվի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ներկայումս ոստիկանության ծառայողները հերթապահում են տարածքում՝ գույքի կորուստից խուսափելու համար։

«Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, եթե հետագայում փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար»,- հավելել է Մկրտչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել։

«Ցավակցում եմ բոլորիս և զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ: Այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային՝ ստանդարտներին, ստանդարտների առկայությանն ու իրականացմանը, որ մեզ հնարավորություն կտա կա՛մ խուսափել, կա՛մ նվազագույնի հասցնել նման դեպքերը»,–ասել է նա։

Նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, բնակարանի ներսում բռնկվել է հրդեհ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզում է արձանագրվել շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարաններում, ինչպես նաև մասնակիորեն՝ հարևան մուտքի որոշ բնակարաններում։

Քննչական կոմիտեն Ճամբարակի պայթյունի դեպքով քրեական վարույթ է հարուցել։

Պայթյունը բերել է հինգ մարդու մահվան։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով Երևան տեղափոխված երեք տուժածներից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկուսի վիճակը՝ միջին ծանրության։ Ճամբարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող յոթ վիրավորներից երեքը արդեն դուրս են գրվել, իսկ մնացած չորսը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, իսկ տարածքում սահմանվել է հերթապահություն։