«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարել է, որ բացառում է, թե ընդդիմության կողմից իմպիչմենտի գործընթացը հնարավոր կլինի կյանքի կոչել:
Նա հավելել է, որ ընդհանրապես մտահոգվելու տեղ չունեն, «քանի որ չի կարծում, որ ՔՊ–ից կգտնվի մեկը, որ Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու՝ դա ուղղակի զավեշտ է», հայտնում է «Փաստինֆոն»։
«Կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները որոշել են արևի տակ իրենց տեղը զբաղեցնելու, առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել, որովհետև այս գործընթացը ոչ մի արդյունք չի ունենալու։ Նախ, երեկվա ընթացքում մեկ ասում էին՝ կտանք ստորագրությունները, երբ փողոցային պայքար սկսվի, չենք տա, եթե չսկսվի, հետո հրապարակվեցին ստորագրությունները։ Ես այդպես էլ չհասկացա՝ իրականում այդ ստորագրությունները տրվեցին թե չտրվեցին։
Համենայնդեպս, իրար մեղադրելու համար է այս գործընթացը սկսված և որպեսզի կարողանան հետագայում ինչ -որ դիվիդենդ շահել, յուրաքանչյուրն իր շուրջը ավելի հավատարիմ զանգված կոնսոլիդացնելու համար է սա։ Այս գործընթացը ընդհանրապես կապ չունի ՔՊ–ին իշխանությունից հեռացնելու հետ»,–ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ քանի որ նրանք չունեն 2 անկախ պատգամավորների ստորագրություններ, ըստ այդմ՝ այդ 28 + 6 ստորագրություններով, նրանք չեն կարող իմպիչմենտի գործընթաց սկսել։
«Չի կարող նրանց ընտրած թեկնածուն գալ Ազգային ժողով, ցավոք սրտի, իմիջի այլոց, քանի որ կուզեինք լսել նրա քաղաքական մտքերը և աշխարհաքաղաքական դատողությունները։ Ամեն դեպքում ոչ մի նոր բան տեղի չի ունենում»,–ասել է նա։
Հարցին, թե արդյոք կուզենային լսել Էդմոն Մարուքյանի տեսակետները, Մինասյանը նշել է, որ Մարուքյանն արդեն ճանաչված քաղաքական գործիչ է, իսկ Մասիսի քաղաքապետը, իր գնահատմամբ, բացի տեղական կառավարման գործառույթներից, չի հստակեցրել իր դիրքորոշումները տարբեր կարևոր հարցերում։
Երբ լրագրողները հիշեցրել են, որ նախկինում նույնպես անսպասելի էր Աղազարյանի և Ասլանյանի դուրս գալը ՔՊ-ից, Մինասյանը վստահեցրել է, որ կուսակցությունն այժմ ավելի համախմբված է՝ հետևողական մնալով իրենց արժեքներին և վարչապետի շուրջ կենտրոնանալով։
«Մենք տեսնում ենք, որ պետականության հետ կապված, որոշ գործընթացներ կարող են խնդիրներ առաջացնել։ Այս պարագայում ես կարծում եմ, որ ընդհանրապես մտահոգվելու տեղ չունենք, որովհետև ես չեմ կարծում, որ ՔՊ–ից կգտնեք մարդ, որ Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու, դա ուղղակի զավեշտ է»,–նշել է Մինասյանը։
Պատգամավորը նաև հորդորել է ընդդիմադիրներին կենտրոնանալ ընտրությունների վրա և ձևավորել հստակ քաղաքական օրակարգ։
«Դաշտում եղած ուժերից միակն ենք, որ քաղաքական օրակարգ ունի և տենում է, որ քաղաքացիներն աջակցում են այդ օրակարգին»,–ասել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի գործըթնացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցրել է, որ փողոցային պայքարը կստացվի ակտիվացնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության ստորագրությունները և հայտարարել է, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները, որոնք թվով 28, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար: