1 հունիսի 2009 - 22:07 AMT
Աբու-Դաբիի մոտակայքում գտնվող Սաադիյաթ կղզում բացվելու է Լուվրի միջազգային մասնաճյուղը
Վերջին ամիսների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը եվրոպական երկրներում աճուրդների կազմակերպիչների եւ նկարների տերերի հետ մասնավոր գործարքների ճանապարհով ձեռք է բերել համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցներ, որոնց թվում Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Բարտոլոմե Մուրիլյոյի, Ջովաննի Բելլլինիի, Ժան Էնգրի, Պիտա Մոնդրիանի կտավները:

Ձեռք բերված գլուգործոցները, այդ թվում Մանեի «Գնչուն» եւ «Նատյուրմորտ պայուսակով եւ սխտորով» կտավները, որոնք ներկայացվել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիի հյուրանոցներից մեկում բացված ցուցահանդեսում, երկար ժամանակ կորած էին համարվում:

Այդ մասին գրում է The Telegraph-ը եւ ավելացնում, որ շուտով ցուցահանդեսը կավարտվի եւ կտավները մինչեւ 2013-ը կմնան պահոցում, քանի դեռ Աբու-Դաբիի մոտակայքում գտնվող Սաադիյաթ կղզում չի բացվել Լուվրի միջազգային մասնաճյուղը: